ՀՀ-ում ստեղծվեց ևս մեկ կուսակցություն՝ «Հայկական Երազանք», որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Հայաստանում ստեղծվեց ևս մեկ նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք»: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 24-ին:

«Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, իրավաբան Ցոլակ Գրիգորյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, արևելագետ Գեղամ Հարությունյանը, իրավաբան Դավիթ Խոսրովյանը և իրավագետ Արտավազդ Սարգսյանը:

Կուսակցության հռչակագրում ասվում է, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափեց քրեաօլիգարխիկ համակարգի ծանր լուծը և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ստեղծել նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ:

«Դրա համար պետք է մշակվեն ու ներդրվեն երկրի իրական զարգացումն ապահովող քաղաքական նոր մշակույթի, քաղաքական ազատ ու մրցունակ դաշտի ձևավորման, տնտեսության իրական զարգացման ռազմավարության հիմքերը: Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պետք է կարողանանք ձևավորել բազմակարծիք ու գրագետ խորհրդարան»,- ասաց հռչակագիրն ընթերցող, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Հարությունյանը:

«Հայկական երազանք» կուսակցությունը պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: «Մենք՝ տարիներ շարունակ մեր քաղաքացիական ակտիվությամբ, մասնագիտական ունակություններով ու հնարավորություններով Հայաստանում փոփոխություններին մասնակից, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներս, հեղափոխության օրերին ցույց ենք տվել մեր անմնացորդ աջակցությունը շարժումը սկսած քաղաքական առաջնորդող ուժին և այսօր էլ կանգնած ենք նրա կողմից հայտարարված հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում:

Մենք տեսնում ենք հզոր Հայաստանը և ունենք այդ Հայաստանի կառուցման տեսլականն ու ճանապարհը ու հանուն այդ Հայաստանի ստեղծման այժմ ձևավորում ենք «Հայկական Երազանք» կուսակցությունը», – նշեց Գեղամ Հարությունյանը:

Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները վստահ են, որ քաղաքական զարգացման նոր փուլերում անհրաժեշտ է ապահովել սթափ քննադատության ու բազմակարծության մթնոլորտը, որն անհնար կլինի առանց քաղաքական դաշտին նոր լիցք ու թարմություն հաղորդող ուժերի: «Հայկական երազանքի» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Իշխանափոխությունից հետո մենք ունենք երկիր սարքելու խնդիր, մենք ունենք մեր երազանքները կյանքի կոչելու խնդիր: Մենք մրցակիցներ չունենք հեղափոխական ուժերի մեջ, մենք դաշնակիցներ ունենք հեղափոխական ուժերի մեջ և մինչև վերջ մենք մեր ազնիվ դաշնակցի դերը և կոչումը կատարելու ենք: Ցանացած պահի ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կոչին արձագանքելու ենք միահամուռ և միասնական»,- նշեց Արմեն Մկրտչյանը:

(Tert.am)

Compartir