Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերն ու ելքերը

Մայիսի 20–ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով նրա կողմնակիցները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երեք ցուցարար հավաքվել է Բարձրագույն դատական խորհրդի առջեւ։ Քիչ առաջ ժամանել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն հրաժարվել է պատասխանել իր հրաժարականի մասին հարցին։

Նշենք, որ ցուցարարները փակել են նաեւ Սահմանադրական դատարանի մուտքը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի այս կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Ըստ մամուլի տեղեկությունների, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքում վաղ առավոտյան անելիքների հետ կապված աշխատանքային քննարկում է եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այսօր տարբեր դատարանների մոտ եղել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:

(News.am)

Compartir