Զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ խնդրանքով ժամանած շտապօգնության բժիշկներին

Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

Նշենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը։
Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից 24-ն այս պահին շարունակում են մնալ ՊՊԾ գնդում։

(Tert.am)

Compartir