«Հայաստան» (Armenia!) ցուցահանդես Նյու Յորքում. բացառիկ հնարավորություն ներկայացնելու հայ ժողովրդի հոգևոր, մշակութային դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ

Աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր թանգարաններից մեկում՝ նյույորքյան «Մետրոպոլիտեն»-ում, բացվել է հայկական արվեստի ու մշակույթի՝ 4-17-րդ դարեն ընդգրկող լավագույն ցուցանմուշների ցուցադրություն, որը մեր երկրի անունով կոչվում է՝ «Հայաստան» (Armenia!) ցուցահանդես:

Թվով 140 նմուշներ են ներկայացվել ցուցադրության, որոնք ընտրվել են Մատենադարանի, Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների մեծարժեք հավաքածուներից:

Ներկայացված են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ, ավետարաններ, Աստվածաշունչ գրքեր, ձեռագիր մատյաններ, մանրանկարներ և այլն:

Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ օտարազգիներին ներկայացնելու հայոց դարավոր մշակույթի երևելի նմուշները, նրանց պատմելու համաշխարհային մշակույթում հայության ունեցած վճռորոծ դերի ու նշանակության մասին, նաև այլ մշակույթների հետ փոխգործակցության մասին:

Սրանք այն հոգևոր գանձերն են, որոնք, ինչպես իր ելույթում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս ԳԱրեգին Բ-ն, ապահովել են մեր ազգային զարգացման անընդհատությունը, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Ցուցահանդեսն իր բովանդակությամբ վկայում է այն մասին, թե ինչպե՞ս են հայերը, որպես բնիկներ, իրենց հայրենիքում՝ Արարատ լեռան ստորոտին հազարամյակներով կերտել իրենց առանձնահատուկ ազգային ինքնությունը, ինչպե՞ս է հայ ազգը պահպանել ու մինչ մեր օրերը հասցրել իր ավանդույթները. Իսկ այսօր աշխարհին ներկայանում է որպես ժամանակին համընթաց քայլող ազգ:

Ի թիվս բազմաթիվ արվեստասեր այցելուների՝ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Թանգարանում վարչապետը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ եղած ընկալումը՝ այն գնահատելով նորովի:

Վերջինս նշել է, որ շատերի համար Մետրոպոլիտենում՝ «Հայաստան» ցուցահանդեսի կազղմակերպումը երազանքի իրականացում է, իսկ 2018 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի համար, քանզի այս ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը:

Բացման արարողությանը մասնակցած Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել միջոցառման մասնակիցներին: Կաթողիկոսը մասնավորապես ասել է. «…Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները և քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձևավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ի՛նչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը և ի՛նչն է առավել շատ կարևորել ու փայփայել: [.…] Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։ Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Ցուցադրությանը ներկա հայ այցելուները հիացմունքով դիտել են հայրենիքից ԱՄՆ տեղափոխված մեծարժեք մշակութային ցուցանմուշները:

Ի դեպ, Թալին Արսլանյան-Կուպելյանն իր զգացողություններն է գրառել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ յուրաքանչյուր հայ պետք է անպայմանորեն մասնակցի ցուցադրությանը, ու իր հետ նաև ոչ հայազգի ներկայացուցչի հորդորի ներկա լինել այդ անկրկնելի ցուցահանդեսին

Ամերիկաբնակ մեր հայրենակիցը նշում է, որ իր զգացողություններն աննկարագրելի են, դրանք բառերով անհնար է փոխանցել:

Հիշեցնենք, որ «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել The Hagop Kevorkian Fund-ի շնորհիվ։

Լրացուցիչ աջակցություն է տրամադրվել նաև հետևյալ հաստատությունների կողմից՝ Carnegie Corporation of New York, The Michel David-Weill Fund, The Armenian General Benevolent Union, The Giorgi Family Foundation, The Hirair and Anna Hovnanian Foundation, the Karagheusian Foundation, The Nazar and Artemis Nazarian Family, The Ruddock Foundation for the Arts, The Strauch Kulhanjian Family և The Paros Foundation, Aso O. Tavitian, և The National Endowment for the Arts։

«Մետրոպոլիտեն» թանգարանում հայկական ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

(Haydzayn.am)

Compartir