Կիրակի երեք մարզերի 22 քաղաքների և գյուղերի ընտրողները մասնակցել են տեղական հանրաքվեների` արտահայտելու իրենց կարծիքը համայնքները խոշորացնելու կառավարության ծրագրի վերաբերյալ:
Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անցկացված բոլոր երեք հանրաքվեներում բնակիչները ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել են այս նախաձեռնությանը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների` Լոռու մարզում ընտրություններին մասնակցած քվեարկողների 68 տոկոսը (կամ 1007 մարդ) կողմ է արտահայտվել Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները Թումանյանի համայնք անվանմամբ միավորելու օգտին:
Տավուշի մարզում իրենց ընտրական իրավունքն իրականացրած ընտրողների 70 տոկոսը (կամ 1412 մարդկանց) կողմ է արտահայտվել Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները Դիլիջանի համայնք անվանմամբ միավորելու օգտին:
Սյունիքի մարզում հանրաքվեին մասնակցած 2668 մարդ կամ 94 տոկոսը կողմ է արտահայտվել Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները Տաթևի համայնք անվանմամբ միավորելու օգտին:
Հանրաքվեներն անցկացվել են համեմատաբար ցածր մասնակցության պայմաններում: Հիշեցնենք, որ կառավարությունը, որը պաշտպանում է համայնքների խոշորացման ծրագիրը, նշել է, որ հանրաքվեների արդյունքը պարտադիր չէ վերջնական որոշում ընդունելու համար:
Հայաստանում պետական պաշտոնյաները կարծում են, որ ծրագիրը կարող է օգնել տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ դարձնելուն, միաժամանակ որոշ ծախսեր կրճատելուն: Մինչդեռ դեմ հանդես եկողները պնդում են, որ տեղական համայնքների մարմիններում ներգրավված աշխատողների կրճատմանն ուղղված ծրագիրը բյուջեի համար էական խնայողություն չի լինի, այլ միայն կարող է ավելացնել համայնքներում առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակը:
Միավորման ենթակա համայնքների որոշ անդամներ նաև դժգոհել են, որ խոշորացման ծրագրից հետո իշխանությունների հետ իրենց շփումն ավելի կդժվարանա: Համեմատաբար խոշոր համայնքների բնակիչները, որոնք միավորման արդյունքում պետք է կենտրոն դառնան, հակառակը, ողջունել են այս նախաձեռնությունը, քանի որ փոփոխությունները միայն կբարձրացնեն իրենց համայնքների կարգավիճակը: