ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին մի շարք բնագավառներում շնորհել է Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները։ Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում։
Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Մովսեսը` «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար, երաժիշտ Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» ստեղծագործության համար, ինչպես նաեւ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի նկարահանող թիմը՝ Վահե Կեւորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը, Աննա Դերձակյանը եւ Արթուր Փարսյանը։
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) եւ Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին եւ Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:
Մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում։
(News.am)