Հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն առանձնանում է մասնակիցների լայն աշխարհագրությամբ եւ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած եւ առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։
Եվ պատահական չէ, որ այդ երաժիշտներն իրենց կենսագրությունում եւ մասնագիտական կարիերայում ցանկանում են ունենալ նաեւ մասնակցություն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։ Սա խոսում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի՝ աշխարհում ունեցած մեծ հեղինակության եւ բարձր վարկանիշի մասին։