ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակների հանձնման արարողությանն իր ելույթում ասել է.
«Հարգելի՛ մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու և շփվելու այս հնարավորության համար:
Ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր անհատի, առավել ևս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար: Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել և գնահատվել են: Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել և գտել է արարման իր ուղին: Մենք հենց այդ պայքարն ենք արժևորում:
Ոչ պակաս կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչները: Մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է թույլ չտալ սերունդների կապի խզումը: Գիտելիքի և կարողության, տաղանդի ու փորձի այն հարուստ պաշարը, որ ունի հայ ժողովուրդը, մենք պետք է փոխանցենք սերնդեսերունդ և բազմապատկենք: