ԻՊ-ը իրապես լուրջ մարտահրավեր է, որը չի կարող հաշվի չառնվել մեր ազգային անվտանգության ապահովման շրջանակներում. Կորյուն Նահապետյան

Հունիսի 18-20-ը Երևանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոուդ» սեմինարը, որի թեմաներից մեկը «Իսլամական պետության վերելքը և դրա ազդեցությունը տարածաշրջանում և անդին» խորագիրն է կրում:

Այս մասին  Tert.am-ին հայտնեց ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` մանրամասնելով. «Այս համատեքստում մենք տարբեր երկրներից ժամանած խորհրդարանականների հետ միասին բազմակողմանի քննարկում ենք ծավալելու, լինելու են նաև փորձագիտական կարծիքներ: Բնականաբար, այս թեման մեզ չի կարող չանհանգստացնել, որովհետև իսկապես  մեր անվտանգության համար լրջագույն մարտահրավեր է»:

Հանրապետական պատգամավորն այս տեղեկությունը հայտնեց ի պատասխան հարցի, թե հաշվի առնելով Սիրիայի հետ կապված վերջին զարգացումները` ՀՀ անվտանգության հայեցակարգում նոր շեշտադրումներ արվելու են:

«Իրապես լուրջ  մարտահրավեր է, բնականաբար, դա չի կարող հաշվի  չառնվել մեր ազգային անվտանգության ապահովման ամբողջական շրջանակներում: Ազգային անվտանգության հայեցակարգը հաստատվել է ժամանակին, առաջիկայում պաշտպանական ռազմավարական վերանայման ուղղությամբ տարվող աշխատանքներում  հաշվի են առնվելու նոր մարտահրավերը, սպառնալիքները և նաև դրա հիման վրա` վերանայված ռազմավարության մեջ կլինեն փոփոխություններ»,- պատասխանեց  Կորյուն Նահապետյանը:

Հիշեցնենք, որ  ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը երեկ հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» շուտով կարող է «շնչել Հայաստանի թիկունքին»:

Իսկ Tert.am-ի հետ զրույցում արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտնել էր, որ «Իսլամական պետությունը» մեզ համար արդեն ավելի մեծ մարտահրավեր է, քան Ադրբեջանը. «որովհետև Ադրբեջանի հետ, նախ, խաղի կանոններ կան, բայց այս սրա վտանգն այն է, որ թշնամին չի երևում, ռազմաճակատի գիծ չկա»:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ գոնե Ադրբեջանից որևէ պատվիրակ չի մասնակցելու հայաստանյան սեմինարին: Իսկ   ՆԱՏՕ ԽՎ քարտուղարության կողմից ուղարկված մասնակիցների նախնական   ցանկը բավականին տպավորիչ է. Բուլղարիա, Չեխիա, Դանիա , Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա , Նիդեռլանդներ , Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Չեռնոգորիա, Սերբիա:

ՀՀ անունից ելույթներ են ունենալու  ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի նախարարներն ու փոխնախարարները, վերլուծական տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով  հարցադրմանը, որ «Իսլամական պետության» ընդլայնումը կարող է ընդհանուր սպառնալիք լինել Հայաստանի ու Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ հնչել են կոչեր, որ գնացեք` զավթեք նավթային պաշարները, Կորյուն Նահապետյանը հակառակը հիշեցրեց, որ ընդամենը   վերջերս  Հայաստանի   մտահոգությունը արտահայտվեց  մեկ այլ խորհրդարանական հարթակում, առ այն, որ  ադրբեջանցի բազմաթիվ  վարձկաններ ներգրավված են «Իսլամական պետության» ուժերի կազմում և նրանց թիվը գնալով ավելանում է:

«Եվ անհանգստության հիմնական պատճառն այն էր, որ նրանք վերադառնալով Ադրբեջան` փորձելու են ներգրավվել տարբեր գործողությունների մեջ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցինք նրա վրա, որ նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր ` կանխելու իրենց քաղաքացիների մուտքն այդ տարածաշրջան և ներգրավումը ԻՊ զինված ուժերի շարքերում»,- ասաց նա:
Դա ոչ միայն անհանգստացնում է Հայաստանին, այլև տարբեր երկրների խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Բուդապեշտում կայացած  խորհրդարանական վեհաժողովին  նույնպես իրենց մտահոգությունն են արտահայտել:

Compartir