Ադրբեջանի հավակնությունները ԼՂ հանդեպ զուրկ են որեւէ հիմնավորումից. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որեւէ պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումներից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

« Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշվելու անքակտելի իրավունքի համար, իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության եւ այլ միջազգային հիմնարար փաստաթղթերում: Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որեւէ պատմական, իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումներից: Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը համառ պայքարի գնով ապացուցել է իր ազատ գոյության իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

1918թ. Ռուսական կայսրության փլուզումից հետո, Անդրկովկասի քաղաքական քարտեզում առաջին անգամ հայտնվեց նոր կազմավորում` Ադրբեջան անունով: Այդ պատճառով, խոսել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին միջեւ 1918թ. բացարձակապես տեղին չէ, քանի որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել: Ազգերի Լիգան մերժեց նոր ձեւավորված Ադրբեջանի այդ կազմակերպությունում անդամակցության խնդրանքը՝ իր սահմանների անորոշության պատճառով: Ադրբեջանցիները փորձեցին բռնակցել Ղարաբաղը ռազմական ճանապարհով: 1918-1920թթ. ադրբեջանական ռազմական միավորումներն իրականացրեցին հայկական բնակչության ջարդեր: Միայն 1920թ. մարտին տարածաշրջանի մշակութային կենտրոնում՝ Շուշիում, 40 հազար հայ կոտորվեց եւ արտաքսվեց: Այդ սարսափելի կոտորածը թողեց խորը եւ արնահոսող վերք: Պոետ Հովսեփ Մանդելշտամը գրել է` «այնտեղ բոլոր կողմերից երեւում են քառասուն հազար մահացած պատուհաններ»:

1920թ. Ղարաբաղը՝ հակառակ իր ժողովրդին կամքին, Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի, այն է՝ կուսակցական մարմնի որոշմամբ, որը չուներ նման որոշումների ընդունման լիազորություն, ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում, ինքնավար մարզի կարգավիճակով: Ավելին` ինքնավար մարզում ընդգրկված չէր Ղարաբաղի ամբողջ տարածքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը զրկվեց Հայաստանի հետ ընդհանուր սահմանից:

1991թ. հոկտեմբերի 18-ի Անկախության մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվավեր ճանաչեց իրեն վերաբերող` Սովետական Միության գոյության ժամանակ ընդունված ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվավեր ճանաչեց եւ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:

Իսկ թե ինչ ճակատագիր էր սպասվում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին, կարելի է հստակ պատկերացնել սովետական տարիներին նույնպես բռնի ուժով Ադրբեջանի կազմին միացրած հայկական այլ շրջանի՝ Նախիջեւանի օրինակով, իհարկե, այս դեպքում ինքնավար հանրապետության կարգավիճակով , որտեղ համակարգված իրականացվում էր նրա հայկական բնակչության վերացման քաղաքականություն եւ հայկական մշակութային հուշարձանների ոչնչացում: Պետք է նշել, որ լազարյանները ծագումով հենց Նախիջեւանից էին: Սովետական Միության փլուզման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հետեւելով միջազգային իրավունքի նորմերին, համապատասխան ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, հանրաքվեի միջոցով հայտարարեց իր անկախությունը, ճիշտ այնպես, ինչպես Սովետական Միության նախկին հանրապետությունները, ինչպես հենց ինքը՝ Ադրբեջանն է: Իմիջիայլոց, Ադրբեջանում անկախության հանրաքվեն անցկացվել է Ղարաբաղում հանրաքվեից հետո: Այսպիսով, Սովետական Միության փլուզման պահին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքում ձեւավորվել են երկու անկախ եւ իրավահավասար սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

100 տարվա ընթացքում երկրորդ անգամ անկախ պետություն ստեղծելու հնարավորություն ստացած Ադրբեջանը կրկնեց 1918թ. փորձը՝ սկսելով ագրեսիվ գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, ռմբակոծելով խաղաղ քաղաքներ եւ գյուղեր, ջարդելով եւ արտաքսելով հայերին: Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը հայերի ջարդը Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում որակեց որպես հայերի նոր ցեղասպանության կազմակերպման փորձ:

Հանդիպելով ղարաբաղցիների հերոսական հակամարտությանը եւ ռազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ ավելի շատ կորուստների սպառնալիքի ներքո Ադրբեջանը ստիպված եղավ սկսել ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հրադադարի համաձայնագրի կնքման նպատակով, անցկացվեցին ԼՂ եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ բազմաթիվ հանդիպումներ, ստորագրվեցին կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ համաձայնագրեր, ինչի արդյունքում 1994թ. մայիսին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անժամկետ հրադադարի եռակողմ համաձայնագիր: Նույն ձեւաչափով 1995թ. փետրվարին ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման հրամանագիր` ուղղված բանակցային գործընթացի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկու փաստաթղթերը գործող են առ այսօր, քանի որ անժամկետ են: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը առնվազն որպես հակամարտության կողմ:

Ինչպես տեսնում ենք, երբ Բաքուն իրականում ցանկանում է որեւէ արդյունքի հասնել ղարաբաղյան խնդրում, ապա անուղղակիորեն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի հետ եւ չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի ընդգրկմանը բանակցային գործընթացում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձեւաչափով, միակ կառույցի, որը դրա համար ունի միջազգային մանդատ: Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման միջոցների առաջարկները, բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Վերջին շրջանում Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի:

Այս գործողություններով Ադրբեջանը ոչ միայն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար միջազգային պարտավորությունները` ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալը` ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում եւ այլ փաստաթղթերում, այլեւ խախտում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում ընդունած պարտավորությունները` լիովին արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների բազմաթիվ կոչերը:

Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձեւերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձեւերի էությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերի նպատակը, դրանց կարեւորագույն պահանջը «ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձեւում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը:

Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձեւերի իրականցումը, չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձեւի մյուս դրույթները եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին բանաձեւերի ընդունումից մեկ տարի անց, եւ ՄԱԿ-ի ԱԽ 4-րդ բանաձեւի ընդունումից վեց ամիս հետո: Արդյո՞ք կարելի է դա անհետաձգելի համարել: Հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին, շրջափակումը, մշտական միջադեպերը, սադրանքները, դիվերսիաները, դիպուկահարների պատերազմը, հակահայկական քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլ «թշնամական գործողությունները» առհասարակ չէին դադարում: Ավելին՝ 1993-1994թթ. ձմռանը Ադրբեջանը նախաձեռնեց ամբողջ պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Եթե Ադրբեջանը ուզում էր, որ երեք կողմերը իրականացնեին ՄԱԿ-ի ԱԽ պահանջներն ու բանաձեւերը, ապա ինչու՞ նա նման հարձակում իրականացրեց:

Ոչ մի բանաձեւում Հայաստանը նշված չէ, որպես հակամարտության կողմ: Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն` «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա` հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է: Ավելին, բանաձեւերում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր հակամարտության կողմ: Եվ բանաձեւերում «ուղիղ շփումներ» հաստատելու կոչերի ներքո համապատասխանաբար հասկացվում էին շփումներ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններ վարելուց հրաժարվելը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում, սակայն` ոչ վերջինը: Այս ցուցակը կարելի է շարունակել:

Բանաձեւը նույնպես պահանջում է «վերականգնել շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերը»: Ինչպես արդեն նշել եմ, հակամարտության սկզբից Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության շրջափակում: Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ դա Բաքվի արտաքին քաղաքականության առաջնայնությունն է:

Անվտանգության խորհուրդը նաեւ կոչ է անում «ապահովել տարածաշրջանում, մասնավորապես` հակամարտությունում ներգրավված բոլոր շրջաններում մարդասիրական օգնության տրամադրման միջազգային գործունեության անարգել ապահովումը», սակայն Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

Վերոնշվածից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական պահանջները, այդուհանդերձ անամոթաբար հիմնվում են այդ բանաձեւերի վրա, համատեքստից դուրս ընտրողաբար մեկնաբանում դրանց առանձին դրույթները:

(News.am)

Compartir