Սերժ Սարգսյան. Չինաստանը Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերներից է

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրի եւ նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ ՉԺՀ առաջին փոխվարչապետի այցը Հայաստան, վկայում է հայ-չինական երկկողմ համագործակցության բարձր մակարդակի եւ այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին: Նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերներից է, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական փոխգործակցությունը հետեւողականորեն զարգացել եւ ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներ: ՀՀ նախագահը եւ Չինաստանի առաջին փոխվարչապետը նշել են, որ չնայած արտաքին տնտեսական ցնցումներին, վերջին տարիներին ակտիվ զարգանում է հայ-չինական տնտեսական համագործակցությունը: Համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի եւ մշակույթի բնագավառներում, նրանց համոզմամբ, կարեւոր խթան են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Չինաստանի առաջին փոխվարչապետը կարեւորել ե ԵԱՏՄ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում ՉԺՀ համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ պետություն կարող է իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ բանակցությունների առաջմղման գործում:

Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք հատկապես վերջին տարիներին պարբերական բնույթ են կրում:

Սերժ Սարգսյանը եւ Ճան Գաոլին գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մասին:

ՀՀ նախագահը եւ Չինաստանի առաջին փոխվարչապետը կարեւորել են նաեւ մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ համատեքստում առանձնացնելով չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման ծրագիրը: Նրանց համոզմամբ, դպրոցի կառուցումը խոստումնալից ներդրում է երկու երկրների ապագա սերունդների միջեւ բարեկամության սերտացման գործում:

Հանդիպումից հետո ՀՀ նախագահի եւ Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ տրվել է «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկը:

(News.am)

Compartir