Հայ-վրացական բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել. Սերժ Սարգսյան

Հայաստանի եւ Վրաստանի բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նրա այցը Հայաստանի եւ Վրաստանի ոստիկանական կառույցների միջեւ ձեւավորված սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳ նախարարության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Վրաստանի ՆԳ նախարարության միջեւ համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը կնշանավորվի իր արդյունավետությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միայն բարեկամ պետություններ չեն, այլ ունեն դարավոր բարիդրացիական կապեր, Նախագահ Սարգսյանը նշել է, որ բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես վերջին տարիներին ակտիվ ու դինամիկ զարգանում է հայ-վրացական քաղաքական երկխոսությունը, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի, այդ թվում իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչների փոխայցելություններն ու շփումները, որոնք հնարավորություն են ընձեռում կառուցողական ու ջերմ մթնոլորտում քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր:

Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ՀՀ Նախագահին է փոխանցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները եւ գոհունակությամբ փաստել հայ գործընկերների հետ ձեւավորված փոխադարձաբար օգտակար եւ արդյունավետ համագործակցությունը:

(News.am)

Compartir