ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ. հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որն Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին եւ նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլեւ նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին:
(News.am)