2016 թ. առաջին թափված արյունը. Ղարաբաղում հայ զինվոր է զոհվել

Շաբաթավերջին ղարաբաղյան հակամարտության գոտում ամանորյա հարաբերական հանգստից հետո հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական զորքերի կողմից արձակված կրակոցից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 19-ամյա Արամայիս Ոսկանյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել շաբաթ օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` հունվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Ավելի քան չորս տասնյակ հայ զինծառայողներ են զոհվել 2015 թ. Լեռնային Ղարաբաղում և անհանգիստ հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ ադրբեջանական ուժերը սկսել են օգտագործել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում` ականանետներ և տանկ:

Դեկտեմբերին նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը չի պահպանվում, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը մեղադրեց Ադրբեջանին` «իրավիճակը պատերազմականին մոտեցնելու» մեջ:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը միանգամից խաղաղություն չբերեց հակամարտության գոտում, սակայն լարվածությունը, ի վերջո, նվազեց Նոր տարվա նախաշեմին, քանի որ Ադրբեջանը նավթի համաշխարհային գների անկման ֆոնին նույնպես տուժել է արտարժույթի շուկայի սուր ճգնաժամից:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջազգային միջնորդները հուսով են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը 2016 թ. դարձյալ հերթական հանդիպում կանցկացնեն` ձգձգվող հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:

(Armenianow.com)

Compartir