«Նաիրիտի» աշխատակիցները միանալու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային

«Նաիրիտի» աշխատակիցները վաղը՝ մայիսի 27-ին, մասնակցելու են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք երթին: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Վաղը երեկոյան ժամը 18։00–ին կհավաքվենք կառավարության մոտ, որտեղից երթով կգնանք Ազատության հրապարակ եւ կմիանանք էլելկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային, քանի որ այս թանկացումը մեզ վրա նույնպես շատ ծանր է նստելու»,-ասաց նա:

Նաիրիտցիներն այսօր նույնպես բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ, բարձրաձայնել իրենց պահանջները` աշխատավարձերի պարտքի մարում եւ գործարանի վերագործարկում։

«Նաիրիտի» մամուլի նախկին քարտուղարը նշեց, որ իրենց բողոքի ակցիաները շարունակվելու են, եւ եթե մինչեւ ամսվա վերջ վարչապետն իրենց չընդունի, նորից նստացույց կանեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Compartir